Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման, հուլիսի 6-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
Վարչապետը շեշտեց ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրման մասին՝ հատկապես Արցախի ուղղությամբ: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումներն այն պայմաններում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում զինվոր չունի:
«Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ-ն, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ-ի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է»,- ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը կրկին նշեց, որ խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի:
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։