ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել է Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում իր կողմից հնչեցված մտքերին, որոնք տարբեր մեկնաբանությունների ու քննադատությունների առիթ էին դարձել։
«Արմենպրես»-ի հարցին՝ կարո՞ղ եք հստակեցնել Ձեր դիրքորոշումը, նա պատասխանել է․ «Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում»։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը»,-հավելել է դեսպանը։
Հունիսի 3-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն հավատում և հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում»։