Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի, ինչպես նաև ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը:»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանն ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու անթույլատրելիությունը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններից և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը։