Կառավարության ընդունած որոշման համաձայն հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն, միջին կենսաթոշակները, ինչպես նաև նպաստները ավելացան։ Նվազագույն կենսաթոշակը 31,600 հազար դրամից դարձավ 36 հազար, միջին կենսաթոշակը 46 100 դրամից՝ 49 700 դրամ, իսկ զինվորական միջին կենսաթոշակը 87 590 դրամից 91 600 դրամ։
Արդյո՞ք այս բարձրացումները կնպաստեն թոշակառուների կենսամակարդակի բարելավմանը, Armenia Today֊ը լսել է քաղաքացիների կարծիքը։
«Չեմ կարծում, որ լավ կլինի, թանկացումներն այնքան շատ են, որ ինչքան էլ բարձրացնեն հնարավոր չէ, թոշակառուներին չի բավարարում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիների մեծամասնությունը նշեց, որ ճիշտ է բարձրացումը լավ է, բայց այս թանկացումների ֆոնին շատ բան չի կարող փոխվել․ «Չի բարելավվի, բայց այդքանի համար էլ ենք շնորհակալ, ճիշտ է թանկացումների վրա չի ազդի, բայց կրկնում եմ, էլի գոհ ենք»։
«3000-ն էլ է բան, բայց այն չի էլի, բայց փառք պետությանը, որ գումարը գտնում է, տալիս է»,-ընդգծեցին հարցված քաղաքացիները:
Կային մարդիկ էլ, որ ասում էին, որ մենակ մարդը չի կարող թոշակով ապրել․ «Եթե մարդ մենակ է ապրում, ես չգիտեմ էդ գումարով ինչպես կարող է ապրել, պետք է նորից բարձրացնեն, իհարկե հասկանում եմ, որ պատերազմական իրավիճակ է, բայց քիչ է»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց․ «Գները չբարձանա, սիրելի՛ս, թոշակը 10 դրամ կավելացնի, 1 000 դրամ ապրանքները կթանկացնի, իսկ թոշակառաուն որ թոշակի հույսին մնա՝ սոված կմնա»։
Հարցված քաղաքացիներից մեկն էլ գոհ էր բարձրացումից․ «Որախալի փաստ է, նաև անկանխիկի դեպքում հետվճար է լինում, դա էլ է լավ, եթե հնարավոր լիներ ավելի բարձրացնել, ինձ թվում է կբարձրացնեին, թոշակառուները գոհ են, մինիմալը 16 հազարից արդեն դարձավ 36 հազար»,- նկատեց նա:
Բայց քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ թոշակառուի կենսամակարդակը չի կարող բարձրանալ, քանի որ չեն հաշվարկում օրական միջին սպառողական զամբյուղը․
«Եթե ռեալ ենք նայում այս ամենին, իհարկե թոշակառուի կենսամակարդակը չի կարող բարձրանալ, քանի որ այսօրվա միջին զամբյուղը եթե հաշվարկենք, մարդկանց մեկ օրվա կերակրման հաշվարկ էլ միայն անենք, ապա օրը 1 100 դրամ է լինում, չհաշված կոմունալները, կառավարության անդամները կարո՞ղ են օրական 1 100- ով ապրել, եթե կարող են, ապա թոշակառուներն էլ կարող են»:
Մանրամասները՝ տեսանյութում։