Հուլիսի 6-ին «Рыбарь» տելեգրամյան ալիքը հրապարակել է հունիսի 15-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի «ամբողջական տեսանյութը», երբ ադրբեջանցի զինվորականները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող ռուս խաղաղապահների անցակետում։ Տելագրամյան ալիքը չի նշել, թե որտեղից է ստացել տեսանյութը։ «Рыбарь»-ը պնդում է, որ խաղաղապահները գործել են իրենց լիազորությունների շրջանակում՝ փորձելով թույլ չտալ, որ ադրբեջանցիները սադրեն և բարձրացնեն իրենց դրոշը։
«Рыбарь»-ը նշել է, որ հայ զինվորականները, իբր, «չեն արձագանքել ադրբեջանցի զինվորականների գործողություններին, միայն կրակել են դեպքի վայրում», որտեղ նույնպես խաղաղապահներ են եղել։
«Միջադեպից (Ադրբեջանի դրոշը Հայաստանի տարածքում ծածանելուց) գրեթե անմիջապես հետո, և սա նույնպես կա տեսագրության վրա, ռուս զինծառայողները հանել են Ադրբեջանի դրոշը և փակել ճանապարհը՝ հետագա սադրանքները կանխելու համար», – նշել է տելեգրամյան ալիքը։
«Рыбарь» տելեգրամյան ալիքը ղեկավարում է ՌԴ պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Միխայիլ Զվինչուկը, պարզել է «The Bell»-ը։ Զվինչուկը Ռուսաստանի զինված ուժերի կադրային սպա է, որպես ռազմական թարգմանիչ է աշխատել Սիրիայում և Իրաքում։ Դրանից հետո նա սկսել է տեղեկատվական գործունեությամբ զբաղվել արդեն ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական մարմինների կազմում։ 2019 թվականին նա թոշակի է անցել Ռուսաստանի զինված ուժերից և արդեն սկսել է ինքնուրույն զբաղվել նման գործունեությամբ։ Ավելի ուշ Զվինչուկն ինքը RTVI-ին հաստատել է, «Рыбарь» տելեգրամյան ալիքի ղեկավարն է, որն ունի ավելի քան 1,1 միլիոն բաժանորդ։
Հունիսի 23-ին Զվինչուկը ներառվել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում՝ ՌԴ իշխանություններին աջակցելու համար։
Հունիսի 15-ին ադրբեջանցի սահմանապահները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձել են շարժվել դեպի Հակարիի կամուրջ և Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը։ Ավելի ուշ հայտնվեց տեսանյութ, որում ադրբեջանցիները փորձում են իրենց դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում, իսկ նրանց կողքին ռուս խաղաղապահներն են։ Դեպքի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն խիստ դժգոհություն է հայտնել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից՝ կապված միջադեպի հետ։ ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նախարարությունը կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ դեպքի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու համար։
Ավելի ուշ՝ հունիսի 21-ին, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական զինուժի կողմից Հակարիի կամրջով իրենց դրոշը Հայաստանի տարածքում տեղադրելու համար առաջխաղացման փորձը կապեց հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ «Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են »,- ընդգծել է նա։