Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ վերջին ամիսներին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները «ինտենսիվ բնույթ են ստացել», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բայրամովի խոսքով՝ սպասվում է նաև, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները «մոտ ժամանակներս կշարունակվեն տարբեր միջազգային միջոցառումների շրջանակներում»: Նա նշել է, որ բանակցությունները հետագայում ևս կշարունակվեն նաև ԱԳ նախարարների և փոխվարչապետների մակարդակով:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-29-ը Վաշինգտոնում մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հերթական փուլին:
Հունիսի 1-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Քիշնևում տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները։
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 21-ին՝ Բրյուսելում: