Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել, նա Օլիվյե Դեկոտինին է, հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:
«Պարոն Օլիվիե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը կլինի»,-Twitter-ում գրել է նա:
2019-2023 թվականներին Օլիվյե Դեկոտինին Իրաքի Քուրդիստանի վարչական կենտրոն Էրբիլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնն է զբաղեցրել։ Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի կայքի տվյալներով՝ Դեկոտինին 2012-2015 թվականներին եղել է Իրանում Ֆրանսիայի դեսպանատան երկրորդ խորհրդականը, վերահսկել է Իրանի միջուկային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության հարցերը: Նշվում է, որ մինչ այդ նա Ֆրանսիայի ԱԳՆ-ում է աշխատել, որտեղ զբաղվել է ռազմաքաղաքական հարցերով, որոնք առնչվել են հատկապես Լիբիայում, Բալկաններում և Կովկասում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործողություններին։ Հայաստանում Ֆրանսիայի գործող դեսպան Անն Լույոն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։