ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է իր այն հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը մոտ է, համաձայնագիրը՝ հասանելի»։
Հստակեցնելով իր հայտարարությունը նաև այն մասին, որ համաձայնագրի ստորագրումը «հասանելիության սահմաններում է», Միլլերը նշել է․ «Երբ ասում ենք՝ «հասանելիության սահմաններում է», նկատի ունենք, որ կողմերն զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նվազեցրել են այն հարցերի թիվը, որոնք մնում են չլուծված։ Դրա համար էլ մենք կարծում և ենթադրում ենք, որ լուծման կարիք ունեցող հարցերի թվի կրճատման դեպքում համաձայնագիրը հասանելի է»,- ասել է նա։
Միլլերը նշել է, որ վերոնշյալը ենթադրում է փոխզիջում, ինչպես նաև պահանջում է երկու կողմերի պատրաստակամությունը։
Հունիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ բանակացությունների ընթացքում ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության են հասել «խաղաղության պայմանագրի» մի քանի հոդվածների շուրջ։
Հունիսի 1-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Քիշնևում տեղի էին ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 21-ին՝ Բրյուսելում: Այսօր, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը։