Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունը Հայաստանում թանգարանների օպտիմալացման անհրաժեշտության մասին:
«2019-2022 թթ․ ընթացքում իմ նախաձեռնությամբ ու իմ անձնական միջոցների հաշվին Գյումրիում երեք թանգարանային ցուցադրություններ եմ կազմակերպել, որոնք դարձել են սիրված վայրեր քաղաք այցելող հարյուրավոր զբոսաշրջիկների համար»,- գրել է Դեմոյանը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսների բացումից ի վեր մշակույթի նախարարությունը դրանց ֆինանսական օգնություն չի ցուցաբերել, թեև դրանցից երկուսի ֆինասավորման համար դիմել էր ԿԳՄՍՆ:
««Հայուհի» թանգարանի պարագայում ԿԳՄՍ նախարարությունը մերժեց իմ հայտը, այն հիմնավորումով, որ այդ թանգարանի տարածքում սրճարան է բացվելու։ Երեք տարի է ինչ գործում է այդ թանգարանը, սակայն հազարավոր այցելուներ կարող են հաստատել, որ այնտեղ սրճարան չի գործել բացման օրվանից։ «Հայկական ազգային խորհրդանշանների թանգարան»-ի պարագայում հայտը մերժվեց առանց որևէ հիմնավորման՝ թերևս «ազգային» բառի ազդու ու ահարկու հնչեղությունից վախենալով»,- գրել է թանգարանի նախկին տնօրենը։
Հուլիսի 13-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կոնսերվացված հիմնարկից թանգարանները պետք է վերածվեն ապրող հիմնարկների, իսկ այն թանգարանների մասին, որոնք այս տրամաբանության մեջ չեն կարողանում տեղավորվել, այլ որոշումներ կայացնեն:
«Կա՛մ պետք է վարչական որոշումներ կայացնենք, կա՛մ իրավակազմակերպական ձևի հետ կապված որոշումներ, կա՛մ պետք է ընդհանրապես թանգարանի գոյության հարցը դիտարկենք»,- ասել էր վարչապետը՝ հավելելով, որ մեր երկրում թանգարաններ կան, ուր օրական մեկ մարդ է մտնում, դա չի՛ կարելի դա թույլ տալ, քանի որ թանգարանը պահեստ չէ:
Կարդացե՛ք Armenia Today-ի հոդվածը Գյումրիի «Հայ կին» թանգարանային ցուցահանդեսի մասին: