ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը հավաք է անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։ Պահանջը Լաչինի միջանցքը բացելն է՝ ապահովելով մարդկանց ու տրանսպորտի ազատ տեղաշարժ։
Տեղում հավաքված Դիզակ Արտ մշակութային երիտասարդական կեննտրոնի սաները իրենց ձեռներում պահել էին Արցախն ու արցախցիներին պատկերոց մեծադիր լուսանկարներ, նրանց հագին «Բացեք կյանքի ճանապարհը» գրությամբ շապիկներ էին։
Երեխաները լրագրողների հետ զրույցում կարոտով են խոսել իրենց հայրենի տան, ընկերների մասին։ «Հիշում եմ ընկերներիս հետ իմ խաղերը։ Հայրիկս ոստիկան է, նա դեռ Արցախում է, դիրքեր է բարձրանում»,- ասաց երեխաներից մեկը, որը բնակություն է հաստատել Հայաստանում իր ընտանիքի մյուս անդամների հետ։
ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ներկա էր հավաքին, ասաց, որ անօրինական ու ոչ լեգիտիմ հայտարարությունները չեն կարող պատնեշ լինել ՄԱԿ-ի բազմաթիվ կոմիտեների, մարմինների, մեխանիզմների համար, որով պարտավորված է, ոչ թե որովհետև իրեն պետք է խնդրեն, այլ պարտավորությունն է այդպիսին։
«Որևէ մեկը չի կարող իր քմահաճույքով հայտարարել չեղյալ ժողովրդի արտահայտած կամքը։ ԼՂՀ-ն, չլինելով ՄԱԿ-ի անդամ, իրավունքներ ունի որպես միջազգային իրավական սուբյեկտ և ընդհանրապես որպես մի տարածք, որի վրա պետք է նույնչափ պաշտպանվեն մարդու իրավունքները, ինչպես որևէ ճանաչված երկրում»,- ասաց նա։
Ցույցի մասնակից բժիշկ Արամայիս Գալումյանը Արցախում տեղի ունեցած առողջապահական ճգնաժամն անվանեց տեռորիզմ։ «Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք ու ամբողջ աշխարհն է տեսնում, չտեսնված երևույթ է․․․ երբ կարելի է 120 000 էթնիկ բնակչություն շրջափակել, կտրել տարրական սննդից, առողջություն ստանալու հնարավորությունից, տարրական պայմաններ ապահովելու կենսագործունեությունից»,- ասաց նա՝ պահանջելով ապահովել Արցախի բնակչությանը առողջությամբ, սննդով, ճանապարհով։ «Աշխարհը խաբել է Արցախին»,- նշեց նա։