Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց։
Փաստաթղթում ներկայացված են Երասխում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Այնտեղ հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների խախտումները, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները լուծելու առաջարկությունների փաթեթ։
Արտահերթ զեկույցը թարգմանվելու է անգլերեն և ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։
ՀՀ ՊՆ-ն հունիսի 13-ին հայտնել էր, որ Երասխում Բաքվի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ժամանակ օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Երասխ գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը։ «Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական մեքենա և ևս մեկ օբյեկտ»,- հայտնել էր գերատեսչությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմն ուղղորդված կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ «Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասված էր հայտարարությունում:
Armenia Today-ը տեղում զրուցել էր մետաղաձուլական գործարանի՝ «GTB Steel» հոլդինգի տնօրենի հետ, որը Երասխի գործարանի գնդակոծությունը կապել է Հայաստանի տնտեսությանը վնասելու փորձի հետ: