Հայաստանը դեսպանություն կբացի Ուրուգվայում, համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 20-ի նիստում։
«Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության ջերմ հարաբերություններով, ինչպես նաև Ուրուգվայում ազդեցիկ հայ համայնքի առկայությամբ»,- ասված է որոշման նախագծում։
Որոշման հիմնավորումն ասում է, որ Հայաստանն ունի ընդամենը երկու ներկայացուցչություն Հարավային Ամերիկայում՝ Բուենոս Այրեսում և Բրազիլիայում, որոնք հավատարմագրված են 4-5 երկրներում։
Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին։
2019 թվականի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից՝ դեսպանատան մակարդակով)։
Դեսպանատան բացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի օգոստոսի 16-18-ն Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիխո Բոնասոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։