Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար ռիսկերը։ Այդ մասին ՌԴ Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, փոխանցում է TACC-ը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ նշել է, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում երկրի սահմանադրությանը։
«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի դատարանի իրավասությունը իր վարած բոլոր գործերի առնչությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում էական վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ասել է Վորոբյովը։ Նրա խոսքով՝ երկխոսություն է ընթանում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, հայտնում է պարբերականը
Նշենք, որ հունիսի 22-ին ՀՀ արդարադատության նախարարը հայտնել էր, որ Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը մի քանի շաբաթվա ընթացքում կուղարկվի ԱԺ: Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ՀՀ նախագահականից պատասխանել են Հռոմի ստատուտի հաստատման մասին հարցին:
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչեց որպես հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, ինչը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի ՄՔԴ-ի իրավասությունը։ Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականի հուլիսին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը պայմանագրի պարտավորությունները ճանաչել է որպես երկրի Սահմանադրությանը հակասող։
Մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին և ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի» է համարում ՄՔԴ Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ տրված օրդերների ֆոնին: Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը մարտի 17-ին ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային։