ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը
պատասխանել է Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից հրապարակված բաց նամակին՝ դրանում տեղ գտած պնդումները որակելով ակնհայտ սուտ։
Ըստ նախարարության՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի սեփական հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, փորձում է օգտագործել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» հանրային կապերի նպատակով Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար:
«Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց և ուղղորդեց նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների՝ այսպես կոչված «բնապահպանական բողոքներ» անցկացնել՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին»,- ասված է հայտարարության մեջ և ամրագրված, որ «ցուցարարները» ցրվեցին, այն պահին երբ Ադրբեջանը կարողացավ դրանք փոխարինել նույն ճանապարհով երթևեկությունը խոչընդոտող կառավարական անցակետով։
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղին է համարել հակիրճ անդրադառնալ մի քանի կետերի:
– Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված բաց նամակի նախաբանում և դրա 1-3 կետերում), նախարարությունը նշել է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի աղտոտվածության մոնիթորինգ, և արդյունքները ներկայացնում են Նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։
Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների բաց և պատասխանատու կառավարմանը։
-Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի, Նախարարությունը նշում է, որ «Սոթքի» ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական հավասարակշռության իրավունքները» պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի։
-Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում արված պնդումների, Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։
-Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։
-Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին, ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։
-Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։
–Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։
–Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։
–Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս առնչությամբ սույն թվականի հունիսի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել մանրամասն
պարզաբանմամբ։
-Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։
–Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (NATO) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը։ Այս մասին
հայտնել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլը սկսվել է հունիսի 13-ին, երբ, ըստ ՊՆ-ի, ժամը 18:40-ի սահմաններում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխում տեղակայված հայ դիրքապահների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ երկու օտարերկրացի՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամմադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը վիրավորվել են, նրանց վիրահատել են։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումի մասին։
Երասխում կառուցվող մետալուրգիական կոմբինատի սեփականատերեր՝ ընկերության հիմնադիրները՝ « Virtual Funding» և «CSE Global Investments» ամերիկյան ընկերությունները հայտարարել են, որ գործարանի ադրբեջանական գնդակոծության շարունակությունը կդիտվի որպես «հարված ամերիկյան կապիտալին»։
Դիտե՛ք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժը Երասխի մետաղաձուլական գործարանի գնդակոծությունից հետո։