Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տվել է վստահություն, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու միտում չունի, Թեհրանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թեհրանը երբևէ չի ցանկացել փակել Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցական միջոցը։
Նշենք, որ Իրանի կառավարությունը Tasnim գործակալությանը տեղեկացրել էր, որ, ըստ Աբլալահիյանի, Ադրբեջանը Թեհրանին վստահեցրել է, որ Բաքուն չի փորձի փակել Իրանը Հայաստանին միավորող երթուղին։
Բացի այդ, Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է տարածաշրջանի երկրների համագործակցությունն ու ինտեգրումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև կարևորում է կայուն խաղաղության հաստատումն ու համագործակցությունը տարածաշրջանում: Նախարարն ընդգծել է, որ Հարավային Կովկասը չպետք է հարթակ դառնա արտատարածաշրջանային երկրների մրցակցության համար:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ համատեղ ջանքերով հարստացնելով երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգն ու նախանշելով համագործակցության նոր հեռանկարներ:
Միրզոյանը նշել է, որ երեկվա քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը։
Նա ընդգծել է, որ Իրանի և ՀՀ-ի օրակարգում առանձնակի դեր ունի առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը։ Այս առումով ընդգծել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը:
«Համագործակցության հետաքրքիր հարթակ են նաև Հայաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափերը. մենք ուրախ էինք այս տարի Երևանում հյուրընկալել Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափով առաջին խորհրդակցությունները»,-շեշտել է նախարարը։
Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Արարատ ՄԻրզոյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը։
Մանրամասները՝ տեսանյութում։