Անհետ կորած զինծառայողների հարազատները վրաններ կտեղադրեն Բաղրամյան պողոտայի վրա և կմնան այնքան, քանի դեռ վարչապետը չւ ընդունի իրենց:
«Բոլորին խնդրում եմ միանալ մեզ, որ գոնե մեր տղերքը «մի ոտք» շուտ տուն գան»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։
Նա անհետ կորածների բոլոր ծնողներին հորդորեց թողնել հողը, գոմը, ամեն ինչ և գալ՝ պայքարելու ամենաթանկի համար։ «Ո՞ւր են այն կանայք, որոնց ամուսինները տանը չեն, ո՞ւր են այդ կանայք: ես ուղղակի ատում եմ այդպիսի կանանց»,- ասաց զինծառայողի մայրը՝ շեշտելով, որ շատերը կարևորում են ամսական 250 հազար դրամ ստանալ պետությունից ու սեփական բակում առավոտից իրիկուն բամբասանքով զբաղվելը, քան արևի տակ կանգնել իրենց նման:
Առավոտից Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։ Բողոքի ակցիան մեկնարկել է առավոտից նախագահի նստավայրում, որտեղ հիմա երկրի վարչապետն է նտում:
Անհետ կորածների հարազատները հուլիսի 19-ին նույնպես պահանջում էին հանդիպում Փաշինյանի հետ, սակայն նրանց խնդրել էին հեռանալ ու ժամանակ տալ վարչապետին օրակարգում հանդիպումն ընդգրկելու համար: Սակայն մեկ շաբաթից պատասխան չստանալով՝ վերադարձել են կրկին հանդիպման պահանջով:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետեւանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելուն, գերեվարվելուն և անհետ կորչելուն։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը, որը պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, 2021թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։
Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետևանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ, որից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, իսկ մյուսները՝ գերեվարվել։