Կարմիր Խաչի Երևանյան գրասենյակի մոտ հավաքվել էին մի խումբ արցախցիներ, փակել կազմակերպության մուտքերը և պահանջում էին Կարմիր խաչի ներկայացուցիչներից անհապաղ միջոցներ ձեռնարկել ազատ արձակելու համար Արցախի 68-ամյա քաղաքացուն, որին շաբաթ ցերեկը ադրբեջանցիները առևանգել էին Հակարիի կամրջին տեղադրված ապօրինի անցակետի մոտից, երբ Արցախցի տղամարդը փորձել էր անցնել անցակետը և հասնել Երևան՝ բուժման։
Արցախցի տղամարդը իր դստեր ուղեկցությամբ էր Երևան տեղափոխվում։ Նրա դուստրը այսօր նույնպես ակցիա է նախաձեռնել, նախ՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, ապա՝ շարժվելու է դեպի ԿԽՄԿ գրասենյակ։
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության կամավորներից մեկը կառույցի շենքի մոտ հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ մինչև կառույցը գործնական քայլեր չձեռնարկի և հայրենիք չվերադարձնի Վագիֆ Խաչատրյանին։
Նախաձեռնող խումբը ավելի ուշ հանդիպեց ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ, որից հետո դժգոհություն հայտնեց այդ հանդիպումից: Անդամներից մեկն ասաց, որ կառույցի ներկայացուցիչներն իրենց զգուշավորությունը բացատրում է նրանով, որ դրանով ավելի կվնասեն Արցախում ապրող հայությանը: «Սակայն ես կարծում եմ, որ ավելի վատ, քան հիմա է, չի կարող լինել: Մեզ հետ ինչ կարող էր, արդեն պատահել է»,- ասաց նա:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացի իրենցից, այս պահին Լեռնային Ղարաբաղում որևէ այլ միջազգային կառույց չի աշխատում։
«Բուժառուների տեղափոխման հարցը մեր որոշման խնդիրը չէ, դա որոշում են պատկան մարմինները, որոնք գիտեն` քանի մարդ է իրենց մոտ բուժվում, քանիսն ունեն դրա կարիքը։ Կան բուժառուներ, որ հիմա էլ սպասում են իրենց հերթին։ Մենք ընթացակարգերի ճշտման խնդիր ու կարիք ունենք, որպեսզի մեր առաքելությունը կարողանանք շարունակել ապահով պայմաններում»,- ասաց Ամատունին։
Նրա խոսքով՝ Կարմիր խաչը նախաձեռնող խմբի հետ հանդիպմանը բացատրել է, թե ինչու ԿԽՄԿ-ն չի կարող բավարարել որոշ դրույթներ՝ ելնելով իր գործելաոճից:
Նրա խոսքով միևնույն ժամանակ խմբի անդամներին տեղեկացրել են, որ աշխատանքը տևական ու ընթացիկ է:
«Կա նաև ընթացիկ որոշակի երկխոսություն միջազգային հանրության հետ, սակայն ցանկացած խնդիր ու հարց, որոնք մենք հասցեագրում ենք, քննարկում ենք այն իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այս ամբողջ իրավիճակի համար»,- ասաց նա: