ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մանրամասներ է հայտնել ադրբեջանցի զինծառայողների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանին առևանգելու դեպքից։ Դեպքի մանրամասները նախկին օմբուդսմենին պատմել են Վագիֆի դուստրերը՝ Վերա և Ինգա Խաչատրյանները (վերջինս առևանգման պահին հոր հետ հուլիսի 29-ին գտնվել է Լաչինի միջանցքի անցակետում)։
Թաթոյանը «Բժշկական հագուստով» ադրբեջանցիների ներկայությունը Հակարիի կամրջում «բացարձակ հորինվածք» է անվանել ու ասել, որ Խաչատուրյանին ոչ ոք չի զննել, նրան մեկ-երկու պաշտոնական հարց են տվել։
«Այն բանից հետո, երբ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները և Վագիֆի դուստրը՝ Ինգան, պարզաբանում և զրույց են պահանջել տեղում, ադրբեջանցի զինծառայողները ուժով սպառնացել են Ինգեին և ԿԽՄԿ ներկայացուցչին, ավելին, երբ վերջինս փորձել է մոտենալ Վագիֆ Խաչատրյանին, մոտ 30 ադրբեջանցի զինծառայողներ զենքով սպառնալով առաջ են շարժվել։ Զինված ադրբեջանցի զինծառայողներից մեկը՝ Ահմեդ անունով, Վագիֆին դուրս է բերել տարածքից՝ հրելով թիկունքից, որից հետո նրան տարել են անհայտ ուղղությամբ։ Նրանց հետ մեկնել է ԿԽՄԿ ներկայացուցիչներից մեկը, ով, սակայն, շուտով վերադարձել է ադրբեջանցի զինվորականների պարտադրանքով»,- գրել է Թաթոյանը։
Նշվում է, որ այդ ամբողջ ընթացքում բուժանձնակազմից ոչ ոք չի ուղեկցել Վագիֆին, ոչ ոք նրան բժշկական օգնություն չի ցուցաբերել, և ողջ գործընթացը վերահսկվել է զինված ադրբեջանցի զինծառայողների կողմից։
Նախկին ՄԻՊ-ը հիշեցրել է, որ Խաչատրյանի բժշկական նպատակներով Հայաստան մեկնելը համաձայնեցված է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ։ «Այսինքն՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացված է եղել և խաբեությամբ է բերել նրան՝ առևանգելու նպատակով»,- գրել է նա։
Նա կատարվածն անվանել է ռազմական հանցագործություն, որն ամրագրված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ արձանագրության 37-րդ հոդվածում, որը վերաբերում է միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը։
«Ադրբեջանն այս հանցավոր գործողությունները կատարել է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումով»,- եզրակացրել է ՀՀ նախկին ՄԻՊ-ը։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի տղամարդու, ով Կարմիր խաչի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Ավելի ուշ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորականներն առևանգել են Խաչատրյանին։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է Խաչատրյանին կալանավորելու մասին՝ հայտնելով, որ նա մեղադրվում է Բաքվում հարուցված քրեական գործով։