Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը իր հերթական գրասենյակը բացեց Սյունիքի մարզում, հայտնել է «Արմենպրես»-ը: Կապանում ԵՄ առաքելության հաբի բացման արարողությանը մասնակցեցին ԵՄ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը իր խոսքում ընդգծեց, որ մտադիր են Հայաստանում 6 օպերատիվ հաբ ունենալ և արդեն մոտ են այդ պլանի իրականացմանը։ Նա նշեց, որ մինչև այս պահը երեք հաբ ունեին՝ Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում, իսկ հիմա դրանց ավելանում է Կապանի հաբը։ Առաջիկայում նոր հաբեր կբացվեն նաև Իջևանում և Եղեգնաձորում։
Փետրվարի 20-ին Եվրամիությունը գործարկեց Հայաստանում քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում։ Առաքելության անձնակազմը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդներ։ Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում և ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում։ Ավելի վաղ առաքելությունը գրասենյակ է բացել Գորիսում։