ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ հանդիպմանը ընդգծել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը, հայտնում է ՀՀ ԱԽ-ն։
«Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղեծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Հուլիսի 25-ին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։