ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով զբաղվող չորս ընկերություններում մասնակից է դարձել, գրում է «Հետք»-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ընկերություններից մեկը՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, մոտ 2 ամիս առաջ է ավազի արդյունահանման թույլտվություն ստացել, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում:
«Այդ մասին են վկայում Մեծամորի համայնքապետի հարուցած վարչական վարույթները: Սակայն, վերջին վարչական վարույթը կարճվել է, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը»,- գրում է «Հետք»-ը:
Նշվում է, որ այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո:
«Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց»,- գրում է պարբերականը:
Հետաքննությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։