Հայաստանը պատրաստվում է փոխել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը գրում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, կարծես թե, ռեստարտի անհրաժեշտություն է առաջացել և կողմերը որոշել են առաջին քայլով փոխել դեսպաններին։
Թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը պատրաստվում է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ «Հրապարակ»-ը գրում է, որ ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխելու հարցը վաղուց էր քննարկվում, սակայն թեկնածու գտնելու խնդիր կար․ այնպիսի թեկնածու, որը կվայելի Նիկոլ Փաշինյանի վստահությունը և ընդունելի կլինի ռուսական իշխանությունների համար:
«Ռուսաստանի դեսպանի թեկնածուն էլ, մեզ հասած տեղեկություններով, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է, ինչը ևս խոսում է այն մասին, որ Ռուսաստանում հասկանում են Հայաստանի և նրա հետ համագործակցության կարևորությունը»,-գրել է թերթը։
Հարությունյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին, մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։