Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Երևանի ավագանու նախորդ ընտրություններին ընտրողների թիվը 848 հազարից ի փոքր ավելի է եղել։ Անցած 5 տարիների ընթացքում ընտրողների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է 2021-ին Ընտրական օրենսգրքի փոփոխություններով։ Այդ փոփոխություններով ընտրողների ռեգիստրից հանվել են այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 կամ ավելի քան 6 ամիս անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեին։ 2022-ի հունվարի 1-ից ուժի մտած այդ փոոխությունների արդյունքում Երևանում նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվը մոտ 25 հազարով նվազել է։ Խոսքը մեր այն քաղաքացիների մասին է, որոնք վաղուց մեկնել են Հայաստանից ու այս ընթացքում Հայաստանի հետ կապ չի եղել, և փաստթղթերը չեն թարմացրել»,-ասել է Հովակիմյանը։
Նա հայտնել է, որ 2023-ի հունիսի 14-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը 823 559 է։
ԿԸՀ նախագահը արդար ընտրություններ ապահովելու խոստում է տվել։
«Քանի ես ԿԸՀ նախագահ եմ, լինելու են ազատ և արդար ընտրություններ»,-հավելել է նա։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: