ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի նշանակումը պաշտպանության փոխնախարարի պաշտոնում անակնկալ է եղել գերատեսչության աշխատակազմի համար, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Բարձրաստիճան զինվորականների դժգոհության պատճառն, ըստ հրապարակման, այն է, որ Սարգսյանը ոլորտում փորձ չունի, բացառությամբ նրա, որ անցել է զինվորական ծառայություն։
«Քաղաքական իշխանությունները հանգստացրել են բարձրաստիճան զինվորականներին, թե փոխնախարարը անվտանգության ոլորտի հետ կապ չունի, ու նա տնտեսական հարցերով է աշխատանք տանելու»,- գրել է թերթը:
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվել օգոստոսի 3-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 3-ի որոշմամբ՝ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը մարտի 17-ին հրաժարական էր ներկայացրել։ Նա հայտնել էր, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի հետ։
Սարգսյանը Երևանի քաղաքապետ էր դարձել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Նա հայտարարել էր, որ չի պատրաստվում դառնալ ՔՊ կուսակցության անդամ։
Ապրիլի 4-ին նա վարչապետի խորհրդական էր նշանակվել։