Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, տեղեկացնում է կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը:
«Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը», – ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում:
«Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ», – ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: