2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Առաջադրվել են «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
ԿԸՀ-ից հայտնում են, որ առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումն իրականացվելու է մինչև օգոստոսի 18-ը։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն elections.am կայքում։ Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: