ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է Կապանի օդանավակայանի վերաբերյալ բաքվի հայտարարությանը։
«Դեռ Խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավել չվերթ է իրականացվել։ Այն ժամանակ թռիչքների մոտեցման և վայրէջքի, ինչպես նաև վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով, սակայն այն բանից հետո, երբ 2020 թվականին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ։
«Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ սույն թվականի օգոստոսի 19-ին, Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, ՆովԷյր ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան Կապան Երևան երթուղով:
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Կապանի օդանավակայանի բացումը «անպատասխան չի մնա»։ Նրա խոսքով, օդանավակայանը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին, և օդանավակայանից վայրէջք կատարելիս և օդ բարձրանալիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։
Պատգամավորն ասել է, որ «Հայաստանի համար նման անդրսահմանային նախագծերի իրականացման համար կարևոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, իսկ հաջորդ փուլում փոխադարձ խորհրդակցությունների անցկացում և նախագծերում անդրսահմանային պայմանավորվածությունների ձեռքբերում»։
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից կսկսվեն կանոնավոր չվերթները Երևանից դեպի Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաք։ Վարչապետն ասաց, որ Սյունիք է ժամանել Երևան-Կապան չվերթով։ Օգոստոսի 18-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանից կրակոցների մասին։ Ըստ հետախուզական ծառայության՝ երկու գնդակից վնասվել է օդանավակայանի շենքի պատուհանն ու տանիքը, հավելել են ԱԱԾ-ից։