ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, գրել է նա X (Twitter) սոցիալական ցանցում։
«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը և բազմաթիվ խախտումներ կատարել Արցախում հայերի նկատմամբ: Մենք պետք է պահպանենք մեր արժեքները և ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում»,- ասել է կոնգրեսականը։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։