Ավագանու ընտրություններին ընդառաջ Երևանում քարոզարշավ է սկսվել, որի արդյունքում կընտրվի քաղաքապետ։ Նախընտրական քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյան) նախընտրական քարոզարշավը կսկսի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։ Կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը բնակիչների հետ կմեկնարկի ժամը 17:00-ին Նուբարաշենի կենտրոնական այգու մոտից։ «Ապրելու երկիր» կուսակցությունը [քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյան] նախընտրական քարոզարշավը սկսել է Արաբկիր վարչական շրջանից։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը [քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան] քարոզարշավը սկսել է ժամը 11:00-ից Արշակունյաց պողոտայից՝ Էռնեստ Թալմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքից։