Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության հռչակագրով ընդունած բանաձևը համարել է անկախության կորտսի բանաձև։ Այս մասին նա հայտարարել է Անկախության հռչակագրի 33-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում։
«Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի», – իր ուղերձում ասել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հռչակագրով ընտրվել է այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է Հայաստանը Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. «Խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ», – նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով, Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության։
«Մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում», – եզրափակել է երկրի վարչապետը։
Անկախության հռչակագրի 33-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձ է հղել նաև երկրի նախագահը։ Վահագն Խաչատուրյանի կարծիքով, Անկախության հռչակագիրը՝ պետականության վերածննդի խորհրդանիշ է:
«Անկախությունը շարունակական, ամենօրյա աշխատանք, ճիգ ու ջանք, անձնվիրություն ու ստեղծագործ արարման գործընթաց է», – ասել է նախագահը: