Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունել տարածաշրջանային այցով Բաքու ժամանած Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «պատճառը Բելգիայի արտաքին գործերի նախարարի հայանպաստ դիրքորոշումներն են, որոնք չեն համապատասխանում տարածաշրջանում տիրող իրավիճակին»։
Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը տարածաշրջանային այցի շրջանակներում օգոստոսի 22-ին ժամանել էր Հայաստան։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը համատեղ ասուլիս էին ունեցել, որտեղ անդրադարձել էին Հայաստանի ու Բելգիայի երկկողմ հարաբերություններին, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացին, Արցախի հումանիտար խնդիրներին։
Հաջա Լահբիբն ընդգծել էր, որ Բելգիան մտահոգված է Արցախի հումանիտար խնդիրներով։
«Բելգիան լիովին ընդունում է ԵՄ-ի դիրքորոշումը․ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը և ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել էր նա։