Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն, հայտնում է Արմենպրեսը։
Դեսպանատունը նշել է, որ օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով նիստում, որը վարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, քննարկվել է հանրապետությունում հումանիտար իրավիճակը։
«Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են»,- ընդգծել են դիվանագետական առաքելությունից։
Օգոստոսի 16-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված նիստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել հումանիտար օգնության սահմանափակումը Լեռնային Ղարաբաղ, կոչ անել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը և կարիքների գնահատման առաքելություն ուղարկել տարածաշրջան։
Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները՝ նշելով, որ հանդիպման առանցքային արդյունքը միջազգային ամենաբարձր ատյանում Լաչինի միջանցքի շրջափակման հաստատումն էր։ Ավելի ուշ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պետությունների դիրքորոշումների արդարացիությունը։