ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանել է Արցախի Պետնախարար Գուրգեն Ներսիյանի հայտարարությունները՝ համարելով դրանք կարևոր։
«Արցախի պետնախարարը լայվի միջոցով անդրադարձել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և այդ համատեքստում ընդգծել, որ Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն: Առաջին հայացքից ակնհայտ ճշմարտություն է ասվում, որի մասին շատերս խոսում ենք, սակայն կարևոր է, որ սա հնչում է Արցախից ու հիմնական պատասխանատուներից մեկի կողմից»,- գրել է նա:
Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում ստեղծված աղետալի վիճակի համար մեղավոր է ոչ միայն նրա համար, որ իր քաղաքական կուրսն է բերել և նման ծանր հանգրվանի հասցրել, այլ նրա, որ այդքանից հետո շարունակում է պնդել իր կործանարար դիրքորոշումը:
«Արցախի ներքին ռեսուրսներն անսպառ չեն և եթե ՀՀ իշխանությունը սոցիալական բնույթի սահմանափակ օժանդակությունից բացի քաղաքական, անվտանգային հարցերում ներգրավածություն չապահովի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի: Սա ՀՀ իշխանությունը լավ հասկանում է, բայց անում է ճիշտ հակառակը»,- եզրափակել է Աբրահամյանը:
Ավելի վաղ ԱՀ պետնախարարը ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հայտարարել էր, որ պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով, որը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, որի միջոցով պետք է ապահովվի քննարկման կառուցաողականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը։