Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «նոր դիվանագիտական նախաձեռնություն»՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է Փարիզում՝ երկրի դեսպանների տարեկան համաժողովում՝ խոսելով Ֆրանսիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։
«Այս շաբաթ ես հնարավորություն կունենամ բանակցություններ վարել (Հայաստան) վարչապետ Նիկոլ Փաշինյանի և (Ադրբեջանի) նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք լիովին պահպանել Լաչինի միջանցքի մարդասիրական ռեժիմը և միջազգային մակարդակով դիվանագիտական նախաձեռնություն կձեռնարկենք այդ ուղղությամբ՝ ճնշումը մեծացնելու համար»,- ընդգծել է Մակրոնը։
Ֆրանսիայի դեսպանների 29-րդ համաժողովը մեկնարկել է այսօր՝ օգոստոսի 28-ին և կտևի մինչ օգոստոսի 30-ը։
Հունիսի 1-ին Քիշնևում բանակցություններ են տեղի ունեցել Փաշինյանի, Ալիևի և Մակրոնի միջև, որին մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։