Ֆրանսիայի 10 բեռնատարից կազմված ավտոշարասյունը այս առավոտ Երևանից շարժվել է դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման, X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գավինը։
Նա նշել է, որ հումանիտար օգնությունը ԼՂ է ուղևորվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից նախաձեռնած օգնության շրջանակում։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ֆրանսիական իշխանություններին խնդրել է մարդասիրական շարասյուն ուղարկել Արցախ: Այդ մասին Իդալգոյին խնդրել է CCAF-ը (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ):
Նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ֆրանսիայի մի քանի շրջաններ և քաղաքներ։ Հայտարարվել էր, որ ավտոշարասյունը քաղաքապետ Իդալգոյի ուղեկցությամբ Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ի կեսօրին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։ Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ մոտ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Հայտնել էինք նաև, որ «Սնունդ կյանքի համար» մոտ 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։