Ֆրանսիան 10 բեռնատար է ուղարկել Արցախ ոչ միայն սննդով, այլև մանկական կերով, գեներատորներով և արևային մարտկոցներով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Քաղաքապետի խոսքով՝ մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի վեց քաղաքների համար, որոնք անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ են։ «Մեր ուղերձը պարզ է. մենք առաջին հերթին կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը։ Արցախի հայությունը շրջափակման մեջ է՝ անկախ իր կամքից, և այդ շրջափակումն իրականացվում է միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ։ Քանի որ պետք է շատ կոնկրետ խոսել, այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, նման է ցեղասպանության»,- ասել է Իդալգոն։
Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը վերածել բանտի
Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը վերածել բանտի և այնտեղից վտարել բնակիչներին, հայտարարել է Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանը։ «Շատերը չգիտեն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի հայերին ազատ ապրել։ Երեխաները և նորածինները չունեն բավարար սնունդ, գազի և էլեկտրաէներգիայի հասանելիությունը խիստ սահմանափակ է: Մարդիկ այս ամենից զրկված են միջազգային իրավունքն անտեսող Ադրբեջանի գործողությունների պատճառով։ Այդ իսկ պատճառով մենք մարդասիրական շարասյուն ենք կազմակերպել, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել։ Բայց մեզ արգելեցին դա անել, ինչը դատապարտելի է»,- ասել է նա։
Բերտրանը պարզաբանել է, որ օգնության մի մասը կբաշխվի արցախցի փախստականներին, իսկ մյուս մասը կմնա Արցախում՝ ճանապարհի բացմանը սպասելու։ «Մենք կոչ ենք անում մյուս երկրներին նման քայլեր ձեռնարկել միջազգային հանրությանն արթնացնելու համար։ Մենք բոլորս աջակցում ենք Արցախին և Հայաստանին: Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը վերածել բանտի և այնտեղից վտարել բնակիչներին: Մենք ձգտում ենք հակազդել դրան։ Էլ ի՞նչ է պետք, որ միջազգային հանրությունն արթնանա։ Այս ողբերգությունից իրականում հնարավոր է խուսափել։ Միջազգային հանրությունը պետք է հիշի, թե ինչ է տեղի ունեցել անցյալ դարում»,- ասել նա։
Ֆրանսիացի պաշտոնյան ասել է, որ իրենք դիմելու են Ֆրանսիայի նախագահին, որպեսզի օգտվի իրենց դիրքորոշումից և այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և ընդունի բանաձև, որը կբացի Լաչինի միջանցքը։
Արցախը ծնկի չի գա ու կպայքարի
Արցախը ծնկի չի գա ու կպայքարի, քաղաքապետի հետ համատեղ առցանց ասուլիսում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային օգնության համար և վստահեցնելով, որ դա չի մոռացվի։
«Անցյալ տարվա դեկտեմբերին ես եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր գործընկերների հետ և այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարծես թե, զգուշացրել եմ։ Ցավոք սրտի, իմ կանխատեսումներն արդարացան։ Ադրբեջանն ակնկալում է ճնշմամբ, մանավանդ հումանիտար՝ ծնկի բերել Արցախցին, բայց դա չի հաջողվի: Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք, և պայքարելու ենք այնքան, որքան որ հնարավորություն ունենանք։ Այլևս որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից ու միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք (պայքարը)։ Հազարամյակներով ժառանգած արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ։ Օգոստոսի 25-ին Փարիզի քաղաքապետը Ֆրանսիայի իշխանություններին խնդրել էր մարդասիրական ավտոշարասյուն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Իդալգոյին կոչ էր արել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF): Խորհուրդը նաև հորդորել էր Ֆրանսիայի և եվրոպական իշխանություններին դիվանագիտական գործողություններ ձեռնարկել՝ թույլ տալու համար առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված տասը բեռնատարներին անցնել Ադրբեջանի կողմից ապօրինի ստեղծած անցակետով:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։ Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ մոտ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Հայտնել էինք նաև, որ «Սնունդ կյանքի համար» մոտ 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։