ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայկական կողմի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին փոխանցած նոր առաջարակներին, ինչպես նաև խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խմբի աշխատանքներից։
Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ վերջին առաջարկի վերաբերյալ դեռևս արձագանք չկա»,- ասել է Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանն արձագանքե՞լ է արդյոք հայկական կողմի նոր առաջարկներին։
Գրիգորյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։
«Հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չունենք։ Ընթացքում, իհարկե, աշխատանքային շփումների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա»,- ասել է Գրիգորյանը։
Դիտարկմանը, թե հանդիպումները, կարծես, հիմա ավելի պասիվացել են, Գրիգորյանը նշել է, որ ապաշրջափակման հարցում ևս կարևոր է ընդհանուր ֆոնը։
«Ի վերջո, ապաշրջափակումը ևս խաղաղության գործընթաց է։ Ապաշրջափակումը հնարավոր կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով աշխատանանքերի ակտիվացման կամ պասիվացման մասով որոշակի փոխկապակցվածություն կա»,- հավելել է նա։
Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը ադրբեջանական կողմին է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի իր նոր առաջարկները։
Հուլիսի 6-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։
Հուլիսի 21-ին «France-Presse»-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հնարավոր է երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կարող է նոր հակամարտությունների հանգեցնել:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախազգուշացմանը։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղություն պայմանագրի դեպքում նոր հակամարտության ռիսկի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացման մասին է։ Փաշինյանը վերահաստատեց հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին։
Փետրվարի սկզբին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Ավելի ուշ՝ փետրվարի 16-ին, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի փուլը և նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Միրզոյանը մարտի 22-ին ընդգծել էր, որ Երեւանն աշխատում է պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների վրա եւ շուտով պատասխան կուղարկի Ադրբեջանին։ Ապրիլի 20-ին Բաքուն հայտարարել էր խաղաղության առաջարկներին Երեւանի պատասխանի բացակայության մասին։