Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին հայտարարությունների տոնայնությունն «անընդունելի» են անվանել, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
«Մոսկվայում խիստ դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից։ Դժգոհ են մասնավորապես իտալական «La Repubblica»-ին թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի արտահայտություններից, նաև Հայաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 31-ի մեկնաբանությունից․ դրանց տոնայնությունն ու բովանդակությունն անընդունելի են, և սեփական սխալ հաշվարկների ու սխալների համար պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու նպատակ ունեն»,-նշել են գործակալությունում՝ մեջբերելով իր աղբյուրի խոսքը։
TASS-ի դիվանագիտական աղբյուրը կարծում է, որ Ռուսաստանին փորձում են արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակի իրագործման միջոց: Նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է ոչ թե որպես «կախվածություն», այլ իրավահավասար արդյունավետ գործընկերություն: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, մտադիր չէ լքել Հարավային Կովկասի տարածաշրջանը։
Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 3-ին իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության ոլորտում քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր անվանել։ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ «մեր տարածաշրջանում տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից»:
Նույն հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ԼՂ-ում չեն կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: