Երբ 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոոստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի վերջին հարցազրույցին ու դրան տված Ռուսաստանի արձագանքին։
Անդրադառնալով ՌԴ-ից հնչող պաշտոնական տեսակետներին, որ Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ինչը հանգեցրել է խոչընդոտների, նա ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը դեռևս 1991-ին Ալմաթիի հռչակագրով և դրան հետևած պրոտոկոլով են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և այդ փաստաթղթի մաս է եղել նաեւ ՌԴ-ն: Այն գործառույթները, որ ՌԴ-ն ստանձնել է ԼՂ-ում անվտնգության ապահովման համար, դրանք ստանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ դրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրությունները»։
Ըստ նախարարի՝ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ բացելու մասին Վահան Կոստանյանն ասաց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի համաձայն ՄԱԿ-ի միջազգայինարդարադատության դատարանի երկու որոշումների, որոնք Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել:
«Բացի այդ հայտարարություններից եղել են բազմաթիվ ուղերձներ միջազգային կազմակերպությունների, տարբեր պետությունների, ԵՄ անդամ երկրների կողմից, ՄԱԿ-ի ԱԽ երկու արտահերթ նիստերի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից: Մինչ այս պահը Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում, կարելի է ասել՝ արհամարհում է միջազգային հանրության ուղիղ կոչերը: Ադրբեջանի կողմից նման քայլերը մեզ հիմք են տալիս ունենալ կասկածներ, որ Ադրբեջանը ԼՂ-ում փորձում է էթնիկ զտումներ իրականացնել, իսկ նման պարագայում միջազգային հանրությունը շատ հստակ պարտավորություն ունի ցեղասպանությունների կանխարգելման կոնտեքստում»,- ասաց Կոստանյանը:
Նշենք, որ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին հայտարարությունների տոնայնությունն «անընդունելի» են անվանել։
Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 3-ին իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության ոլորտում քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր անվանել։ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ «մեր տարածաշրջանում տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից»: