Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերքել է մամուլում տարածված լուրը, թե քարոզարշավի երթերին մասնակցելու համար գումար է բաժանում։
Կուսակցությունը լուրը զրպարտություն է որակել։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը»,-հայտարարել է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը։
Օգոստոսի 23-ին մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: