Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում՝ Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ձախողման մասին, հայտնում է РИА Новости-ն։
«Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն հնարավոր չէ համաձայնել Փաշինյանի թեզերի հետ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին։ Ռուսաստանն այս տարածաշրջանի բացարձակապես անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,- ընդգծել է Պեսկովը։
Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը «ռազմավարական սխալ» էր անվանել Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից։ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ ավելի վաղ «դիտարկել են, թե ինչպես Ռուսաստանը մեկ օրում, ամսում կամ տարում լքեց Հարավային Կովկասը»։ Նույն հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն կատարում այն առաքելությունը, որն ստանձնել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Թրամփն ուկրաինական հակամարտության հարցով սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար,...