Անցած մի քանի օրերին անհանգստությամբ հետևում ենք սահմանամերձ շրջաններում լարվածության աճին և խաչաձև կրակոցներին Հայաստանի և Ադրբեջանի միջև, X-ի(նախկին Twitter) միկրոբլոգում գրել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը:
«Իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին»,- գրված է առաքելության էջում:
Հիշեցնեք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սոթքում ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով երեք հայ զինվորների մահը կապել էր Հայաստանում ԵՄ առաքելության ցածր արդյունավետության հետ
«Մենք կողմ ենք սահմանամերձ գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, և այստեղ, իհարկե, գնդակը Երևանի դաշտում է, կազմակերպության մյուս անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել այդ քայլին»,- պարզաբանել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: