Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 70%-ը համաձայնեցված է Հայաստանի հետ և մեղադրել է Երևանին գործընթացը դանդաղեցնելու մեջ։
«Մենք կցանկանայինք խաղաղ ապրել, բայց գնդակը Հայաստանի կողմն է։ Որքան շուտ նրանք գիտակցեն այս իրողությունը, այնքան լավ կլինի բոլորի համար»,- եզրափակել է Հաջիևը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ «դեռ պահպանում է հայկական զինված ուժերի ներկայությունն իրենց տարածքում»։
Հաջիևի խոսքով՝ կան տարբեր հարթակներ (Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների համար), սակայն իրենք դրանցից ոչ մեկին նախապատվություն չեն տալիս։ Նրա կարծիքով՝ իրենք ողջունում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նպաստել խաղաղության հաստատմանը։
«Եթե կողմերից որևէ մեկը ցանկանում է իրական, անկեղծ, ազնիվ ներդրում ունենալ խաղաղության գործընթացի առաջմղման գործում, ապա ադրբեջանցիները լիովին աջակցում են դրան»,- հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը ադրբեջանական կողմին է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի իր նոր առաջարկները։
Հուլիսի 6-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։
Հուլիսի 21-ին «France-Presse»-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հնարավոր է երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կարող է նոր հակամարտությունների հանգեցնել:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախազգուշացմանը։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղություն պայմանագրի դեպքում նոր հակամարտության ռիսկի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացման մասին է։ Փաշինյանը վերահաստատեց հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին։
Փետրվարի սկզբին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Ավելի ուշ՝ փետրվարի 16-ին, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի փուլը և նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Միրզոյանը մարտի 22-ին ընդգծել էր, որ Երեւանն աշխատում է պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների վրա եւ շուտով պատասխան կուղարկի Ադրբեջանին։ Ապրիլի 20-ին Բաքուն հայտարարել էր խաղաղության առաջարկներին Երեւանի պատասխանի բացակայության մասին։