Եվրամիությունը կոչ է արել Բաքվին և Երևանին խուսափել միջադեպերից և վերադառնալ երկխոսության, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
ԵՄ-ն կրկնել է Լաչինի միջանցքի բացման կոչը՝ անկախ Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշումներից։
«Ջանքեր են անհրաժեշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունը վերականգնելու համար՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ ԵՄ-ի՝ կարևոր է երկխոսություն հաստատել Բաքվի և «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող հայերի ներկայացուցիչների» միջև։ Նացի այդ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կնվազեցնի լարվածությունը և կկանխի «թյուրիմացություններն ու միջադեպերը»։
«Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի խաղաղ բանակցությունները շարունակվեն»,- շեշտել է ԵՄ-ն։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։