Երևանում հարցված 800 քաղաքացիների գրեթե կեսը՝ 43%-ը, չի կողմնորոշվել քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցում, վկայում են MPG/Gallup International Association հեռախոսային հարցման տվյալները:
Հարցին, թե Երևանի բնակիչները ո՞ր կուսակցության օգտին են պատրաստվում քվեարկել սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին՝ 22,8%-ը դժվարացել է պատասխանել, 20,2%-ը հրաժարվել է պատասխանել:
MPG/Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնել է, որ հարցված քաղաքացիներից 16,3%-ը պատրաստվում է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին (օգոստոսի 31-ի հրապարակված տվյալներով նրա օգտին պատրաստվում էր քվեարկել հարցվածների 15,1%-ը)։
«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օգտին, ըստ Նավասարդյանի, պատրաստվում է քվեարկել հարցվածների 11,8%-ը (օգոստոսի 31-ի տվյալներով այդ տոկոսը 9,6 էր)։ Հարցվածների 5,1%-ը պատրաստվում է քվեարկել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանի օգտին (օգոստոսի 31-ի տվյալներով՝ 3,8%-ը)։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի օգտին պատրաստվում է քվեարկել քաղաքացիների 3,8%-ը (2,5%՝ օգոստոսի 31-ի տվյալներով)։ «Հանրային ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանի օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 3,6 %-ը (օգոստոսի 31-ի տվյալներով՝ 2,7%-ը)։
«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին պատրաստվում է քվեարկել 3,4%-ը (օգոստոսի 31-ի տվյալներով՝ 3%-ը)։
Հարցվածների մեծամասնությունը՝ 69,8%-ը, հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել քաղաքի ավագանու ընտրություններին, 27,1%-ը հայտնել է, որ չի մասնակցելու: