Ադրբեջանի ԱԳՆ-ն Երևանի կողմից «հերթական քաղաքական մանիպուլյացիայի անբաժանելի մասն է» անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի, որոնք նա արել է հինգշաբթի՝ Հայաստանի կառավարության նիստում։
«Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստի ժամանակ հնչած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն Ադրբեջանին՝ կապված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման հետ, նրա պնդումները Ադրբեջանի տարածքում ուժերի ենթադրյալ կենտրոնացման մասին, Հայաստանի կողմից քաղաքական մանիպուլյացիայի հերթական մաս են կազմում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է, որ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է «հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, վերջ տա ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ ստեղծել խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացում»։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու մտադրությունը։ Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։