ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերվող հարցեր, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Նախագահ Մակրոնն ընգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Նախագահ Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Արցախի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 5-ին հրապարակել է շփման գծում ադրբեջանական մեծ քանակությամբ զինտեխնիկայի, այդ թվում՝ հրետանու տեղաշարժի և կենտրոնացման տեսանյութ։ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների («Յաշմա» և «Կոմանդո») կենտրոնացվածության մասին սահմանին հայտարարել է նաև Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։ Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունները որակել է քաղաքական մանիպուլյացիա, ինչին ի պատասխան Երևանն ասել է, որ շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով և տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի դեմ։