Մեր տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ մշտապես առկա է պատերազմի ռիսկ, պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանն էսկալացիայի կամ մեծ ռազմական գործողությունների չհասնի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Փոխնախարարը հայտնեց, որ հրապարակված տեսանյութերում պարզ երևում է, թե սահմանին ինչ ռազմական տեխնիկա է կուտակում հակառակորդը։ Նրա խոսքով՝ կիրառում են հրետանային միջոցներ, մի շարք այլ ռազմական տեխնիկաներ։
«Այդ մասին խոսվել է, չեմ ուզում ևս մեկ անգամ ասել, միայն կհորդորեմ, որպեսզի մեր տեղեկատվությանը հետևեք, մենք՝ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակելու դեպքում, անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՊՆ-ն իր իրավասության շրջանակում, բնականաբար, քայլեր ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով։
Արցախի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 5-ին հրապարակել էր շփման գծում ադրբեջանական մեծ քանակությամբ զինտեխնիկայի, այդ թվում՝ հրետանու տեղաշարժի և կենտրոնացման տեսանյութ։ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների («Յաշմա» և «Կոմանդո») կենտրոնացվածության մասին սահմանին հայտարարել էր նաև Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունները որակել էր քաղաքական մանիպուլյացիա, ինչին ի պատասխան Երևանն ասել էր, որ շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով և տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի դեմ։