Մոտ քսան օր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շուրջ 630 միլիոն դրամի պայմանագիր է կնքել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ի հետ՝ երկրորդ փուլի աշխատանքները շարունակելու համար, գրել է «Հրապարակ»-ը:
Ընկերությունը մաքսային կետի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառուն է, որին ծառայությունների պատվերը տրվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
«Անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված մեկ անձից կատարված այս խոշոր գնումը, հատկապես երբ 2021-ից մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չկա, իսկ Մարգարայի կամրջի բացումը չի նշմարվում մոտ ապագայում»,- գրում է թերթը։
Ըստ հրապարակման՝ 3 տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ընդամենը 4 անգամ՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին։ Իսկ այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 3 օր անց Թուրքիան միայն օգնություն ստանալու համար էր բացել ու անմիջապես փակել Մարգարայի կամուրջը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը փետրվարի 11-ին և 15-ին հարյուր տոննայից ավելի մարդասիրական օգնություն էր ուղարկել թուրք ժողովրդին՝ հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը։