ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի կարմիր գծերը:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանի հարցին, որը վերաբերում էր Թուրքիայից հնչող հայտարարություններին, ասաց, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր նախագծերի կողքին, սակայն Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու ցանկացած հայտարարություն նրա համար «կարմիր գիծ» է։
«Արդյոք մենք դեմ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, ոչ՛, մենք դեմ չենք, մենք, ընդհակառակը, կողմ ենք դրան և կարծում ենք, որ դա Հայաստանի համար կարևոր նախագիծ է»,- շեշտեց Փաշինյանը:
Նա նշեց, որ նաև կողմ են տրանսպորտային երթուղիների վերաբացմանը: «Կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն»,- ասաց նա և ավելացրեց, որ նաև դեմ չեն, որ Հայաստանով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր և շահագրգռված, հետաքրքրված են այդ ծրագրերով:
«Այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության և իրավազորության սահմաններում: Մեզ համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող հայտարարություն և ոչ միայն անընդունելի է այլ նաև մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ: Նա ասաց, որ շատ կարևոր է, որ միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք, և Ադրբեջանի որոշ շրջանակներ սխալ կոնտեքստով են օգագործում այդ միջքանցք բառը և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ ձևավորելու համար, ինչը մեզ համար կարմիր գիծ է:
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, նա նշեց, որ առանց չափազանցության հենց վաղը այդ ուղղությամբ կարող են աշխատանքներ կատարել:
«Մենք կոմունիկացիոն դժվարություններ ունենք ինքներս մեզ հետ և միջազգային հանրության հետ և Ադրբեջանի որոշ շրջանակներ սա օգտագործում է Հայաստանի դիրքորոշումները ապակառուցողական ներկայացնելու համար»,-ասաց նա և հիշեցրեց, որ ՀՀ կառավարության օրակարգում շրջանառվում է նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի, երկուսը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին:
Մանրամասները՝ տեսանյութում: